Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ոլորավայրէջ և հողմածեծ, սակայն դեպի տաճար

Ոլորավայրէջ և հողմածեծ, սակայն դեպի տաճար
24.11.2017 | 06:32

Օրեր առաջ ինքնատիպ մի նվեր ստացա, փոքրածավալ մի գիրք՝ անսպասելի վերնագրով՝ «Անտունի»: Հեղինակը Բագրատ Ալեքյանն է, արդի հայ պոեզիայի անշփոթելի ձեռագրատեր բանաստեղծներից մեկը: Հրատարակիչը ճաշակ և ջանք չի խնայել «Անտունին» ընթերցողին հասցնելու ոչ այնքան դյուրին և շնորհակալ գործում (ՀԳՄ հրատարակչություն, խմբագիր՝ Շանթ Մկրտչյան, ձևավորումը՝ Խաչիկ Հարությունյանի): Բանաստեղծը պոետական նոր մտահղացումներով է ներկայանում ընթերցողին, հույզն ու հրապարակախոսական շունչը միահյուսված են 69 ստեղծագործություններում:


Գրքի նախաբանում ուշագրավ տողեր կան. «Ոչ պատահաբար և ոչ էլ զարդաոճ հայրենների նոր փոփոխակներ արարելու խաբկանքից է, որ գիրքն այս անվանակոչվել է «Անտունի»: Այն մեկնաբանվում է բուն անտունիների և գրքում ամփոփվող գործերի ներքին դրամատիզմով ու կերպարայնությամբ. աշխարհի հորիզոնականներով, «անտունի սիրտը կրծքի տակ, դեռ քայլում է հայ պանդուխտը»:
Գուցե տեղին է բանաստեղծություններից մեկի վերնագիրը նշել, որն ինքնին ներկայացնում է Ալեքյան-բանաստեղծի ներկա օրերի փնտրումներն ու գտածոները. «Մանկական կոշիկների խմբերգ՝ Թումանյանի տուն-թանգարանի աստիճաններին»:
Ինչ խոսք, «Անտունին» կգտնի իր ընթերցողին, ընթերցողը՝ իր «Անտունին», քանզի այստեղ երկիրը, ի հեճուկս ժամանակի բիրտ քմայքների և բարքերի խառնակության, գնում է իր ճանապարհով, որը ոլորավայրէջ է և հողմածեծ, սակայն հային դեպի տաճար է ուղեկցում:
Բանաստեղծն այս ամենը այսպես է տեսել իր մի եռատողում.
Ավերակները
Իմ մեջ հավաքում,
Տաճար եմ կերտում:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2507

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ